Վանո Սիրադեղյան և առաջադրված մեղադրանքներ

1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից և Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո սկսվել էր Տեր-Պետրոսյանի թիմի որոշ առանցքային անդամների՝ իշխանությունից հեռացման գործընթացը։ Այս համատեքստում թիրախում հայտնվել է նաև Վանո Սիրադեղյանը։ 1999 թվականի փետրվարի 19-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել և նույն օրն էլ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա հայտնաբերվել և ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին, և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական նախկին օրենսգրքի 10-ը հոդվածներով․

  • 72 հոդվածով (բանդիտիզմ)
  • 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով (հանցակցություն ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության)
  • 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 8-րդ կետով
  • 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով
  • 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով
  • 185 հոդվածի 3-րդ մասով (կաշառքի ստացում)
  • 182 հոդվածի 1-ին մասով (իշխանության կամ պաշտոնեական դիրքի չարաշահում)
  • 17-96 հոդվածի 2-րդ մասով (գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)։

1999 թվականի մայիսի 7-ին նա ազատվում է կալանքից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարում է դատախազության միջնորդությունը և զրկում Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից ՀՀ քրեական օրենսգիրք առ 01.08.2003։ Հայաստանի Ազգային ժողովի որոշմանն անմիջապես հաջորդել է Վանո Սիրադեղյանի փախուստը։ Նա մինչև մահը գտնվել է հետախուզման մեջ։

Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից։ Դրանք են.

  • Լինելով Հայաստանի Ներքին գործերի նախարար՝ Վանո Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները։
  • 1993 թվականի մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության շենքում, Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է սպանել Հայաստանի Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին։ Հետագա երկու ամիսների ընթացքում Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդան իրագործել են սպանության առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ հափշտակել են ավտոմեքենաներ՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար։
  • 1994 թվականի ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը, կանչելով Արմեն Տեր-Սահակյանին իր աշխատասենյակ, և նրա հետ միասին, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով գնալով Հրազդանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, նրան հանձնարարել է սպանել Հայաստանի դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը միաժամանակ հանդիսացել է բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994 թվականի փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը։
  • Հետագայում նույնպես Վանո Սիրադեղյանը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ակտիվ միջոցներ է ձեռնարկել բանդայի միջոցով իր կատարած հանցագործությունները, այն է՝ Հովհաննես Սուքիասյանի, Համբարձում Ղանդիլյանի և մյուսների՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև Վլադիմիր Գրիգորյանի սպանության նախապատրաստության ու նրա նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության փորձի իրական հանգամանքների բացահայտումը կանխելու և այդ փաստերի առթիվ հարուցված քրեական գործերով ճշմարտության բացահայտմանը խոչընդոտելու ուղղությամբ։
  • Մասնավորապես այդ նպատակով 1994 թվականին կազմակերպել ու նախապատրաստել է ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր Կիմ Բալայանի և ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի սպանությունը՝ վերջիններիս կողմից իրենց ծառայական և հասարակական պարտքը կատարելու կապակցությամբ, որը ավարտին չի հասցվել կազմակերպիչների կամքից անկախ պատճառներով։
  • 1993 թվականի դեկտեմբերին Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել և Մոսկվա քաղաքում իրականացնել Հայկական Միջազգային Ասամբլեայի նախագահ Սերժ Ջիլավյանի սպանությունը, որը մինչև վերջ չի հասցվել իր կամքից անկախ պատճառներով, դրանով իսկ կատարել է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության փորձ։
  • Սերժ Ջիլավյանի սպանության նախապատրաստության հանգամանքները թաքցնելու նպատակով և Ջիլավյանի սպանելու պատվերը ձախողելու համար 1994 թվականի հունվարին հանձնարարել է ՀՀ ՆԳՆ ՆԶՎ աշխատակիցների միջոցով կազմակերպել Արթուր Հովհաննիսյանի և Կարեն Ռաֆայելյանի սպանությունը, որն իրականացվել է 1994 թվականի հունվարի 25-ին։
  • Բացի այդ ձեռք բերված ապացույցների հիման վրա Վանո Սիրադեղյանը մեղադրվում է նաև Արմեն Տեր-Սահակյանի միջոցով Ռազմիկ Աթոյանից 40.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ, ինչպես նաև պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ՀՀ ՆԳ ՄՀՆՋ-ի աշխատակիցների միջոցով՝ հրկիզման եղանակով, դիտավորությամբ Հրազդանի կիրճում տեղակայված հասարակական սննդի օբյեկտը ոչնչացնելու համար։

Վանո Սիրադեղյանի և ևս 11 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատարան է ուղարկվել 1999 թվականի հուլիսին։ Մեղադրյալների թվում էին ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության պետ Վահան Հարությունյանն ու ներքին զորքերի այլ ներկայացուցիչներ։ (Արմեն Տեր-Սահակյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատարան էր ուղարկվել ավել վաղ և լսվել է այլ դատարանում)։ 2000 թվականին Վանո Սիրադեղյանը դիմել է փախուստի, նրա վերաբերյալ մասն անջատվել է Վահան Հարությունյանի և մյուսների գործից։ Վերջիններիս առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են դատարանում և դատապարտվել։ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով։ Չնայած այն հանգամանքին, որ նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, այնուամենայնիվ հայաստանյան հասարակության մեջ շրջանառվում են որոշակի կարծիքներ, համաձայն որոնց՝ Վանո Սիրադեղյանի գտնվելու մասին հայտնի է ՀՀ իշխանություններին ու համապատասխան իրավական մարմիններին։

Оставьте комментарий